Կարանտինի երկրորդ շաբաթս գլորելուց հետո, երբ սկսեցի էքզիստենցիալ ճգնաժամով լի ավելի ու ավելի շատ զանգեր ստանալ,  հասկացա, որ իմ սեփական ճգնաժամն էլ արդեն հեռու չէ:

Որոշեցի, որ ժամանակն է ոգեշնչում գտնել` խոսելով արվեստագետների հետ: Ինչպե՞ս են նրանք կարողանում մոտիվացված մնալ ու իրենց արվեստին հավատարիմ` այսքան մարտահրավերների պայմաններում: 

Այս նախագիծը երկխոսություն է երևանաբնակ և այլ վայրերում  ապրող արտիստների հետ, ովքեր պատմում են թե համաճարակն ինչպես է փոխել իրենց կյանքը և ինչպես են նրանք շարունակում ստեղծագործել՝ նույնիսկ տանը փակված լինելու դեպքում:

Տիգրան Ձիթողցյանի հաջողության պատմությունը ոգեշնչող է բազմաթիվ հայ արվեստագետների համար: Նրա անունը հիշեցնելն իմ ամենաաշխատող մեթոդն է՝ միջազգային շուկայում հայ արվեստագետների մրցունակ չլինելու մասին բազմաթիվ խոսակցությունները վերջ տալու ու փակելու:

Տիգրանի պատմությունը ցույց է տալիս, որ մարտահրավերներից  ու դժվարություններից անկախ, ամեն մեկն ինքն է պատասխանատու իր ցանկություններն իրականացնելու համար: Ի վերջո հենց դու ես փչացնում քո կյանքը կամ այն դարձնում ավելի լավը: 

Նյու Յորքում դեռ գիշեր էր, երբ ես զանգահարեցի նրան: Տիգրանն իր արվեստանոցում էր: Նա արդեն 23 օր է մեկուսացած էր և այդ երկար ժամանակվա ընթացքում միայն նոր էր դուրս եկել հեծանիվ քշելու:

«Էսօր լրիվ ուրիշ Նյու Յորք ոտք դրեցի: Այս առավոտ քայլում էի Սոհոյով ու նայում բոլոր փակված խանութներին: Մի ժամանակ այս ամենը կարևոր էր: Ես միայն այսօր նկատեցի, որ ողջ ֆոնային աղմոկը կորցրել է իր իմաստը: Հիմա այն ամենն ինչ կարևոր չէ, ընդգծվում է ու հասկանում ես՝ ավելորդություն է. ինչ փարթիի ես գնացել, ինչ շորեր ես հագնում, ինչ հատուկ ակումբներ կարող ես այցելել: Այս բոլոր ճոխությունները դարձել են ուղղակի անկարևոր»,- ասում է նա: 



«Մարդիկ հետ են գնում դեպի ամենասովորական բաները՝ նորից սովորում գնահատել մարդկային շփումը: Հիմա օրինակ ավելի կարևոր է ունենալ լավ ընկեր, քան Շանելի պայուսակ. հա, ի՞ նչ ես հիմա անելու Շանելի պայուսակի հետ»: 

Տիգրանի ձայնը  հումորային թեթև տարրեր ունի՝ տատանվելով մանկական միամտության և ինտելեկտուալ սարկազմի միջև, ինչը նրա ասածը դարձնում է ժամանակակից հասարակությանը ծաղրելու նրբագեղ մի ձև: Հասարակություն, որը խառն է ու լի  օտարացման ու կորստի զգացումներով: Հենց այս թեմաներն են, որ հաճախ կարելի է տեսնել նրա աշխատանքներում:

Նա ընդամենը 14 տարեկան էր, երբ իր առաջին ցուցահանդեսն ունեցավ Նյու Յորքում: Տիգրանը կարող էր մնալ այնտեղ և կարիերա ստեղծել, բայց ծնողները որոշեցին, որ դեռ շատ շուտ  է և նրան հետ բերեցին Հայաստան:

1991 թվականն էր, և Հայաստանն ապրում էր իր՝ ժամանակակից պատմության հավանաբար ամենածանր ժամանակահատվածը: Երկիրը տառապում էր պատերազմից և աղքատությունից: Մենք այդ ժամանակներն անվանում ենք «Իննսունականներ» առանց ավելորդ ածականների, քանի որ կարիք չկա որևէ այլ բան ավելացնել մի ժամանակահատվածին, որից երկիրը դեռ լիովին չի վերականգնվել: 

Տիգրանը նշում է, որ մեկուսացումը նրան չի վախեցնում ու չի անհանգստացնում ոչ միայն իննսունականներին անցած իր մանկության շնորհիվ, այլ նաև, որովհետև ինքը սովորաբար ավելի երկար ժամանակահատվածով է մեկուսանում իր ցուցահանդեսներից առաջ:



Տիգրանը շարունակում է անել այն, ինչ սովորաբար անում է, առանց առօրյայում մեծ փոփոխությունների: Նա նկարում է օրական 19 ժամ: Նա հանգիստ է: Նա նույնիսկ չի մտածում, թե ինչպես հարմարվել նոր իրավիճակին կամ տեղավորվել՝ մեր աչքի առաջ փոփոխվող նոր իրականության մեջ:



«Ես հենց այստեղ՝ Նյու Յորքում սովորեցի իմ մասին չմտածել որպես ամեն ինչի կենտրոն: էս քաղաքը մի ուժ ունի՝ քեզ ու քո էգոն ճիշտ տեղում դնելու: Դու չես կարող ինքնակենտրոն լինել այստեղ, որովհետև այնքան շատ մարդ կա շուրջդ, այնքան լիքը բան է կատարվում կողքերդ ու այս չընդհատվող հոսքում դու ուղղակի չես կարող ամբողջ ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում լինել: Այս քաղաքը քեզ կամ դարձնում է ահավոր աշխատասեր, կամ կոտրում»:

«Ես չեմ լարվում այն բաներից, որոնք չեմ կարող փոխել: Ես կենտրոնանում եմ իմ ճանապարհի ու գործողությունների վրա, իմ անձի վրա: Սրանք են այն բաները, որոնք ես կարող եմ կառավարել, այնպես որ ես չեմ անհանգստանում իմ ապագայի համար, իմ կարիերայի: Պատմությունը սպիրալներով է շարժվում առաջ, այն ունի ֆիլտրեր: Եթե ես իմ կարևորությունն ու դիրքը կորցնեմ, դա ընդամենը կնշանակի, որ այդպես պետք է լիներ. բնական ընտրության արդյունք է: Ես այն ընդունում եմ ու չեմ կարող դրա ընթացքը փոխել»:

Արևիկ դ’Օրը, ով Բելգիայում բնակվող հայ պատկերազարդող է, արդեն հինգ շաբաթ գտնվում էր մեկուսացման մեջ, երբ ես կապվեցի նրա հետ: Նա հենց նոր էր իմացել, որ կառավարությունը երկարացնում է սահմանափակումները ևս ութ շաբաթով:

«8-ը փոքր թիվա, արագ համակերպվեցի»,- ասում է նա:  

Չնայած նա միշտ տանից է աշխատել, սահմանափակումներն ու անհանգստության ընդհանուր զգացումը միևնույնն է ազդել են նրա կյանքի վրա:



«Լոքդդաունի առաջին մի քանի օրը ստատիստիկաների ուսումնասիրության մեջ անցավ։ Հետո մտքերս ցրելու ու անգործությունիցս չամաչելու համար սկսեցի շատ ճաշ եփել»։ 



«Շուտով, իրավիճակը ճգնաժամայինից սովորական դարձնելու համար սկսեցի ավելի յուրահատուկ ճաշեր պատրաստել, երևի նրա համար, որ ինչ-որ կերպ մեղմեմ «արտակարգ իրավիճակի» համատեքստը՝ գոնե իմ ու ընկերոջս համար: Ուտելը հաճույքներից գլխավորը դարձավ»։  

Արևն իր պատրաստած ուտեստների մի քանի լուսանկար ուղարկեց: Ես ուզում էի նույն կերպ վարվել, բայց թե սեղանիս ու թե սառնարանում պարզապես հում բանջարեղեն ունեի: Ամենուրեք: Ես շարունակում եմ հում բանջարեղեն ու մրգեր ուտել ոչ թե վախից դրդված, այլ՝ ծուլությունից: Այնպես, ինչպես նախկինում էի անում:



Ավելի ուշ ես նրան հարցրեցի, թե ինչպես է իրեն մոտիվացված պահում ՝ ավելացված ութ շաբաթվա պայմաններում և նա պատասխանեց. 

«Լոքդաունի հինգերորդ օրը «Վենետիկի դելֆիններն» են ուրախացնում, հետո պարզվումա ֆեյքա։ Չինաստանի ու Իտալիայի կարանտինյան օդի մաքրությունը ուրախանալու «պլան բ»-ն եմ համարում»։ 



Համոզիչ է հնչում: Մենք գտնվում ենք այս իրավիճակում, որովհետև մոռացել ենք, թե ինչպես է ամեն ինչ փոխկապակցված: Այդ դեպքում ինչո՞ւ մեր մոտիվացիան էլ դրա վրա չհիմնենք: Ինչո՞ւ չենք փորձում ուրախ լինել, որ մեր ներկայիս գոյատեւման և ֆինանսական անհարմարությունները կարող են ինչ-որ տեղ օգտակար լինել:

«Զարմանալի է, թե մի քանի օրում աշխարհը ոնց փոքրացավ ու դարձավ տնից մինչև սուպերմարկետ ու հետ»,- գրում է Արևը։



Միշտ մտածում էի, որ սահմանափակումները կարող են հանգեցնել հիանալի գաղափարների: Ես դա դեռ չեմ զգում, բայց միգուցե տարածության սահմանափակումը կարող է բերել գաղափարների խորության: Չգիտեմ: Պետք է փորձել: Բայց գուցե ավելի ուշ: Միգուցե, երբ փորձեմ այլ արվեստագետներից վերցրած «լայֆ հակ»-երը: Արևը նշում է, որ ութ շաբաթից իր կարանտինը կավարտվի: Իմ կարանտինի ավարտին նույնպես ժամանակ է պետք, այնպես որ ես ավելի շատ բան կարող եմ փորձել և անել: 

«Չգիտեմ 8 շաբաթ հետոն երբ կգա, բայց ես իրան սպասում եմ։ Ուզում եմ փարթի անեմ»,- գրում է Արևը։ Նա նշում է, որ մեկուսացումը բոլորիս ստիպեց ժամանակի գաղափարին մի փոքր այլ կերպ վերաբերվել: Նախկինում կային ժամեր, օրեր և րոպեներ, բայց այժմ ժամանակը չափվում է այլ եղանակներով, որը որևէ կապ չունի օրացուցային չափման հետ:



«Անկեղծ ասած, իմ ռիթմը մի փոքր էլ չի փոխվել», - գրեց ժամանակակից հայ նկարիչ Սեդ Վելիկոդնին, ով ներկայումս Ռաշ կեղծանվամբ աշխատում է իր նոր նախագծի վրա:

Նա ապրում է իր ստուդիայում, որը գտնվում է Երևանի 19-րդ դարի շենքերից մեկում:

«Այստեղ ոտք դնելու առաջին իսկ պահից ես զգացի, որ այս տեղն իմն է»,- գրեց նա՝ հավելելով, որ վերջերս հասկացել է, որ իր պապը, հարգված ակադեմիական գեղանկարիչ Սեդրակ Ռաշմաջյանը հաճախ է այցելել հենց այս ստուդիա: Ինձ համար այդ համընկնումը հեքիաթի էր նման, չափազանց անհավանական՝ հավատալու համար: Բայց Սեդը, ով հավատում է նկարչական հին դպրոցի տեխնիկաներին ու զուգադիպությունների ուժին, ասում է. «Երբ կյանքին թույլ ես տալիս քեզ զարմացնել, այն իրոք դա անում է. Երբեմն ամենաֆիլմային ձևերով: Պետք է ուղղակի իմանալ ուզածդ ինչ է ու ինչ որ գալիս է դեպի քեզ՝ գոհունակությամբ վերցնել»:



Միգուցե նրա ասածին դժվար է հավատալ, բայց գուցե նա ճիշտ է, և զուգադիպություններին ավելի խոր հայացք նետելու դեպքում, տեսնում ես միայն հնարավորություններ: Միգուցե միակ բանը, որ պետք է անել, ավելի ուշադիր լինելն է և ինքներս մեզ զարմանալու հնարավորություն տալը: 

Սեդն ասում է, որ միշտ բաց է նոր փորձառությունների համար, նույնիսկ եթե այդ նոր փորձը կարանտինն է և լոքդաունը, որն անհայտ ժամանակով հետաձգել է նրա նոր նախագծի առաջին ցուցահանդեսը:«Սկզբում ես մտածում էի, որ դա կտանի իմ մոտիվացիան, բայց հետո տեսա, որ ամեն ինչ անում եմ այնպես, ինչպես նախկինում: Դա ինձ ուրախացրեց, քանի որ այժմ ես գիտեմ, թե որքան եմ սիրում նկարել ինքնին գործընթացի համար և երբեք չեմ կենտրոնանում արդյունքների վրա, քանի որ արդյունքները նույնպես գործընթացի մի մասն են»:

Սեդը կարանտինն անց է կացնում իր ստուդիայում, փորձելով աշխատել իր ունեցածի հետ՝ չմտածելով, թե ինչ կաներ, եթե իրերն այլ կերպ դասավորվեին: 

Պաշտոնական կարանտինի առաջին իսկ օրը նրա կատուն վեց ձագ ունեցավ, որոնք այժմ նրա հետ կիսում են ստուդիան: Կատվի անունը Բոշա է, ինչը հղում է հայկական քոչվոր ցեղերին: Սև կատուն անվանվել է այդ անունով, քանի որ երբեք չի մնացել նույն տեղում և շրջել է ամբողջ թաղամասով, մինչև վերջապես որոշել է բնակվել Սեդի ստուդիայում և նրա հետ անցկացնել կարանտինը: 



Բոշայի ձագուկները սև և մոխրագույն են: Դրանցից մեկն` ամենաբարձրահասակը, կրում է Կարնտինա Մալևիչ անունը: Սեդը Երևանում հայտնի է Կազիմիր Մալևիչի հետ հռետորական իր վեճով և մի շարք նկարներ ունի, որոնք ծաղրում են նրա «Սև քառակուսի» ստեղծագործությունը: Սեդն այսպիսին է. նա սիրում է պատմությունը, բայց նաև սիրում է խաղալ դրա հետ, հավանաբար դա պատմությանը ձուլվելու նրա ճանապարհն է: Սեդն այժմ աշխատում է կլիշեների հետ՝ փորձելով իր հանդիսատեսին հնարավորություն տալ ավելի խորը նայելու այն ամենին, ինչը մենք կարծում ենք՝ արդեն գիտենք: Հայտնի մարդիկ, ավանդույթներ, երկրներ, որտեղ մենք ապրում ենք: Մենք կարծում ենք, որ ճանաչում ենք այդ ամենը, բայց պարզապես գիտենք դրանց արտաքնապես և գրեթե երբեք մեզ  խորանալու հնարավորություն չենք տալիս: Այդ բաներից մեկը, որը մենք կարծում ենք, որ ճանաչում ենք՝ ժամանակն է:



«Մի բան, ինչ ես դադարեցի անել այս ընթացքում դա վռազելն է: Ծիծաղելի է չէ, մենք կարող էինք առաջ էլ այսպես հանգիստ ապրել ու ժամանակին այնպես վերաբերվել, ինչպես հիմա: Բայց առաջ բոլորս շտապում էինք, որովհետև մտածում էինք, որ բան ենք կորցնում՝ հնարավորություններ կամ ավելի լավ ապագա. Իրականում մենակ մեր ժամանակն էինք կորցնում»,- գրում է Սեդն, ում Ռաշ կեղծանունը անգլերենից թարգմանաբար նշանակում է "սրընթաց", ինչն էլ իր ասածներին այլ իմաստ է տալիս:

Ամստերդամաբնակ հայ դիզայներ և նկարիչ Գայանե Երկանյանը, հավանաբար, ամենաճիշտ մարդն է, ում հետ պետք է խոսել ամեն անգամ, երբ առաջ գնալու  մոտիվացիա և էներգիա չունեք: Գայանեն կարծես անսպառ էներգիա ունենա, որի աղբյուրն է ցանկությունը՝ իրեն ընծայված ժամանակն ու տրված հնարավորություններն ամենալավ կերպով օգտագործելու:

«Ես սովոր եմ աշխատել մի շարք սահմանափակումների պայմաններում: Ես ինձ պարզապես համոզեցի, որ սա էլ դրանցից մեկն է, և ես պետք է աշխատեմ այս պայմաններում, - գրում է նա:



Նա կարծում է, որ սխալ համատեքստում դիմադրությունը կարող է ուժասպառ անել: Մեկ ամսվա մեկուսացումից հետո նա գրում է. «Իմ առաջին արձագանքը` նոր ապրելակերպին հարմարվելն էր, այլ ոչ թե դիմադրելը, ես զգացի, որ դիմադրությունն այս դեպքում էներգիայի վատնում է, իսկ ես կարող էի այդ էներգիան այլ կերպ ծախսել»:

Տարօրինակ էր լսել դա Գայանեից, ով միշտ  սկզբունքնային է ու կոնկրետ, բայց, ի վերջո, ես հասկացա, որ նա խոսում էր համատեքստն ավելի խորը հասկանալով: Երբեմն պարտությունն ընդունելն ավելի լավ է, քան ձեզնից ավելի ուժեղ բաների դեմ պայքարելը: Անօգուտ դիմադրությունը կարող է կլանել քո էներգիան, բայց եթե դու օգտագործում ես նույն էներգիան ինքնդ քեզ վերափոխելու համար, կարող ես գտնել քեզ նոր պայմանների մեջ և շարունակել անել այն, ինչ անում ես, այնպես՝ կարծես ոչինչ չի էլ պատահել:

«Ինձ համար հետաքրքիր է տեսնել, թե մարդուն որքան դժվար է մնալ ինքն իր հետ մեկուսացած: Ո՞րտեղից է դա գալիս: Արդյո՞ք դա այն պատճառով է, որ մենք մեզ զբաղված էինք պահում, մարդկանց հանդիպում, և ժամանակ չունեինք մենակ մնալ ինքներս մեզ հետ: Արդյո՞ք մենք  այդ ամենի միջոցով դատարկությունն էինք լցնում»:



Նրա մեկնաբանությունն ինձ հիշեցրեց դեռևս 2016-ին, մեր մի զրույցի մասին, որի շրջանակներում մենք քննարկում էինք, թե ինչպես է ազատ և ինքնավար լինելու մեր ցանկությունը միշտ զուգորդվում մենակ լինելու ու համայնքից կտրվելու վախով: Այս խոսակցություններն ի վերջո, իրենց ձևակերպումը գտան «Շեղումներ» կոչվող փոքրիկ ցուցահանդեսի տեսքով:

Այնտեղ անկախ ու ինքնավար տարրերը ներկայացվում էին որպես շեղում, որովհետև ազատագրվելուց հետո այդ տարրերը ոչ մի տեղ չեն տեղավորվում, չնայած ունեն հնարավորություն կպնելու ու կցվելու գրեթե ամեն տեղ, որովհետև ազատ են:

Երկուսս այդ պահին դա էինք զգում. Գայանեն՝ դեռ հարմարվում էր Եվրոպայում իր նոր կյանքին, փորձելով գտնել իր տեղը նոր քաղաքում, նոր համայնքում, նոր աշխատավայրում, իսկ ես՝ հարմարվում էի միայնակ կյանքիս՝ կողակցիցս անկախանալով:

Այդ ժամանակվանից ի վեր երկուսիս համար հետաքրքիր էին դատարկության, դադարների և լռության գաղափարները: Մեզ զարմացրեց նաև այն, թե ինչպես ենք մենք՝ ժամանակակից հասարակության ներկայացուցիչներս, վախենում այդ դադարներից, լռությունից և այն ամենից, ինչը կարող է հանգեցնել առերեսման սեփական ԵՍ-ի հետ: Բոլոր այս վախերը կարելի է տեսնել հիմա՝ լոքդաունի ժամանակ: Կարելի է տեսնել, թե ինչպես ենք մենք մեր ժամանակը լցնում հեռուստատեսային գեղեցիկ շոուներով, ընթերցանությամբ, Տիկ-տոկ անելով, աշխատանք և սեմինարներ փնտրելով, վիրտուալ շփմամբ, միաժամանակ չկարողանալով գտնել պահ մեզ համար՝ վերալիցքավորման ու հանգստի:   

«Իհարկե, մենք էլ չենք լինի նույնը՝ տնտեսական, սոցիալական, մտավոր առումով: Ինչ-որ պահի մենք կվերադառնանք «նորմալ»-ին, բայց ներկայիս պատկերը կմնա մեր հավաքական գիտակցության մեջ: Մենք որոշումներ կկայացնենք և նոր նորմերի շուրջ արդեն  այլ կերպ կկառուցենք մեր կյանքը»:

Երբ Գայանեն մեր վերջին հեռախոսազանգի ժամանակ դա ասաց, նա դադար տվեց, կա՛մ ինձ համար, որպեսզի մարսեմ իր ասածը, կա՛մ՝ հասկանալու համար, թե ինչպես շարունակի իր խոսքը: Այդ դադարի ժամանակ ես կենտրոնացա «նոր նորմեր» արտահայտության վրա և հասկացա, որ այս գաղափարը վախի որոշակի զգացողություն է բերում, բայց նաև տեղ տալիս հնարավորություններին: Ամեն ինչ կախված է մեր գործողություններից և ընթացիկ որոշումներից: Ես դա հասկանում եմ, բայց երբեմն պարզապես ցանկանում եմ ապագայի վերաբերյալ որոշ երաշխիքներ ունենալ: Բայց ապագան մեզ պետք է զարմացնի:

«Բոլորն ուզում են հասկանալ, թե որն է հաջորդը: Ի՞նչ է լինելու: Ես հասկանում եմ, որ սա մեր հնարավորությունն է՝ վերանայելու մեր կյանքը, ամենօրյա սովորությունները, կախվածությունը և կապերը միմյանց, մեր ընկերների և ընտանիքների հետ: Միգուցե ապրելն այս պահով  այն է, ինչը մենք պետք է սորվենք այս ամենից, ու սովորենք գնահատել մեր ունեցածը՝ երջանիկ լինելով, որ դա կա»: 



Մաս 2

«Թվում էր, թե մենք դիտում էինք մի ֆուտուրիստական կինոնկար, որը նկարահանվում էր շատ հեռավոր երկրում, և, իհարկե, չէինք պատկերացնում, որ մենք նույնպես մասնակից կդառնանք դրա տեսարաններին», - գրում է Քեզբան Արքա Բաթիբեքին, ով Թուրքիայի իմ ամենասիրած արտիստներից մեկն է:

«Հիմա ամբողջ աշխարհը տեսավ, որ նման իրադարձություններ կարող են պատահել ցանկացածի հետ: Այժմ մենք այն աղետների էպիկենտրոնում ենք, որոնք մի ժամանակ հեռվից դիտում էինք լուրերով՝ մեր հարմարավետ տներից… Սա այն ժամանակահատվածն է, երբ մոռացված են բոլոր անձնական նկրտումները, նույնիսկ պատերազմները մի կողմ են դրվել»:

Քեզբանի արվեստը սովորաբար անդրադառնում է կանանց ուժին, սեքսիզմին և կնատյացությանը ու ստիպում  հասկանալ, որ գենդերային բոլոր խնդիրներն արմատավորված են ավելի խորը, քան կարծում ենք: Դրանք մեր վախերիի մեջ են և ինքնագնահատման ու դատապարտման մեխանիզմների, որոնք առկա են բոլորիս մեջ՝ ավելի բարդացնելով մեր կյանքը:



Իր աշխարհում «կին» -ը պատկերվում է որպես հզոր և գերիշխող ուժ, որպես առաջատար: Նրա ստեղծած կանայք կարիք չունեն մրցելու ուրիշների հետ, քանի որ իրական ուժը արտաքին աշխարհի հետ մրցելու ցանկության բացակայությունն է: Հետաքրքիր է նրա աշխատանքը դիտել հիմա, երբ արտաքին աշխարհը կանգ է առել և սպասում է նորից հայտնվելուն: Քեզբանն արդեն յոթ շաբաթ է ինքնամեկուսացման մեջ է Ստամբուլի Սալաչակ թաղամասում, Բոսֆորի ասիական ափին:

Քեզբանն ինձ ուղարկեց ֆանտաստիկ տեսարանի լուսանկարներ իր սենյակից, որտեղ նա հիմա փակված է, ինչպես մեզանից շատերն ու ինչպես նրա հերոսները, ովքեր «պատրաստակամորեն փակվել են իրենց աննկատ վանդակներում»:

Նա ասում է, որ ինքնամեկուսացումը և դրա հետևանքները վերջին մի քանի շաբաթների ընթացքում նրան շատ չեն անհանգստացրել: «Սա իրականում հարմար միջավայր է արվեստագետների համար. նրանք կարող են վերադառնալ  իրենց ներս և ապրել նոր գործերով», - գրում է նա՝ հավելելով, որ նույնիսկ իր հետաձգված ցուցահանդեսը չի խանգարում իրեն փորձարկումներ կատարել և շարունակել աշխատանքը:



Այն իչն իրոք մտահոգում է նրան՝ իրավիճակի ազդեցությունն է ամբողջ Ստամբուլի և Թուրքիայի վրա:

Ինչպես մեզանից յուրաքանչյուրը, նա անհանգստանում է ոչ միայն իր համար, այլև ամբողջ համակարգի ապագայի, նրա, թե ինչպես այն կարձագանքի այս երևույթին: Հավանաբար, սա մեզ համար հնարավորություն է որպես անհատների, և նույնիսկ երկրների՝ վերանայելու մեզ համար կարևոր համարվող երևույթները: Հիմա ավելի, քան երբևէ, մենք ունենք հնարավորություններ այլ բաներ տեսնելու, հասկանալու համակարգի թերությունները և մեր արժեհամակարգային բացերը: Այժմ մենք կարողանում ենք զգալ, թե ինչպես է ամեն ինչ միահյուսված և փլուզման ենթակա:

«Ես հավատում եմ, որ այս այսպես կոչված "լճացումը" մեզ վրա  դրական կազդի, քանի որ նախկինում բոլորս գլխակորույս մրցավազքի մեջ էինք»:


Էջե Փինար Դեմիրելը, թուրք դիզայները, որին պատահականորեն հանդիպեցի 2020-ի փետրվարին, շատախոս չէ, բայց ես իսկապես ցանկություն ունեի իմանալ, թե ինչպես է նա անցկացնում կարանտինի իր 30-րդ օրը, ինչպես է նա իրեն զգում և ինչ է մտածում:

«Այս օրերին ես շատ եմ մտածում և ինձ թվում է, որ աշխարհը կարող է գոյատևել առանց մարդկության, բայց մարդկությունը չի դիմանա այս վարքով և  թե սեփական անձը, թե մեզ շնորհված միջավայրը շարունակ չհարգելով»:



Էջեն ոգեշնչվում է շրջակա միջավայրից, բնությունից և ճարտարապետությունից:

Այս հաղորդագրությունը կարդալուց հետո ես հիշեցի ականջողերի նրա հավաքածուն՝ ոգեշնչված իսպանացի ճարտարապետ Սանտիագո Կալատրավասի կամուրջներից:



Հիմա թվում է հեգնական, որ որ նրա բազմաթիվ աշխատանքներից առաջինը ես հիշեցի հենց կամուրջները, քանի որ դա հիշեցնում է ճարտարապետի մեջբերումը, ըստ որի յուրաքանչյուր կամրջի հետևում ընկած է խոչընդոտների հաղթահարման գաղափարը:

Այս մեջբերումն ինչ-որ կերպ զուգորդվում է մեր ներկա իրավիճակի հետ, և նրա, թե ինչպես ենք հաղթահարում այդ խոչընդոտները: Մենք հիմա կամուրջների պես ենք՝ ես ու Էջեն, շփվում ենք միմյանց հետ մի կարանտինից մյուսը: Բայց այս դեպքում կամուրջները ոչ թե մի տունը կամ մի պատշգամբը մյուսի հետ կապող միջոցները ու դիվայսներն են, այլ մենք ու մեր համբերությունը, ներքին ցանկությունը՝ պահպանելու այն կապերը, որոնք մենք գնահատում ենք: Կամուրջը մեր ձգտումն է պահպանելու կապը մեր ընտրած ապրելակերպի հետ՝ անկախ այս դժվարին իրավիճակից: 



Էջեի ստեղծագործելու անկոտրում ցանկությունը՝ առանց նույնիսկ կարևորելու, թե ով  կօգտագործի իր արտադրանքը,  հիմնված է այն համոզմունքի վրա, որ այս  գործն անհրաժեշտ է և այն վստահ կգտնի իր տեղը: Նույնը կարող եմ ասել գրելու իմ ցանկության մասին, չնայած որ երբեք համոզված չեմ, թե ում  պետք կլինի գրածս: Շատ բաներ պարզապես արվում են այն գիտակցմամբ, որ դու դա անելու ես, որովհետև սիրում ես քո արածը: Սա հավանաբար «Ա» կետից «Բ» կետ հատվածը ավելի քիչ խնդիրներով ու անհանգստությամբ անցնելու միակ ճանապարհն է: Այժմ Էջեն կամուրջներ է հյուսում մաքրամեից: Նկատում եմ, որ շատ կանայք են հիմա կարում, հյուսում ու գործում: Ասեղնագործությունը կրկին վերադառնում է: Սա նաև հնավուրց ու գեղեցիկ միջոց է `սպասումը գործողությամբ լցնելու, որը միաժամանակ մեդիտատիվ է և գեղեցիկ: Էջեն նույնպես նշում է, թե որքան թերապևտիկ է այն:

«Այս ռիթմը բռնելը իսկապես թերապևտիկ է, և թերապիան հենց այն է, ինչը մեզ պետք է հենց հիմա, այս պահին: Կարելը, գործելը և ձեռքով իրեր պատրաստելն իրականում մեր ընտանեկան ավանդույթն է: Նույնիսկ պապս էր հիանալի գործում: Ես իմ առաջին մաքրամեի հանգույցներն արեցի, երբ դեռ երեխա էի: Կարծում եմ, որ կհյուսեմ այնքան ժամանակ, մինչև ստուդիայում էլ  թել չմնա»:

Համբերությամբ լցված՝ Էջեն սպասում է, աշխատում, մտածում և փորձում վերլուծել իրավիճակը. «Ես մտածում էի, միգուցե կապիտալիզմի վերջն է գալիս, որովհետև այն փոխարինելու համար մեզ պետք է ավելի արդար համակարգ: Այդպես չի՞»:



«Ես զգում եմ, որ այս օրերին Երկիր մոլորակը մեզ՝ մարդկությանը, կարևոր դաս է տալիս և ցնցելով՝ մեր համակարգերը, մեր կապիտալիստական մտածելակերպը, արթնացնում: Ես մտածում եմ. արդյո՞ք մենք կհարմարվենք դրան և ճիշտ ընտրություն կկատարենք, թե ոչ»:

Ջանան Էրբիլը, սկսնակ արտիստ, լուսանկարիչ, որի աշխատանքը պտտվում է իրականության, պատրանքի և հիշողության շուրջ, իմ հարցերին հարցով է պատասխանում. «Ինչո՞ւ էինք մենք անընդհատ հետաձգում ամեն ինչ՝ անորոշ մի ժամանակի թողնելով»:

Որպես արվեստագետ, նա մեծ նշանակություն է տալիս առօրյային և կենցաղայնությանը, նույնիսկ այն պահերին, որոնք մեզնից շատերը չեն համարում հետաքրքիր կամ գրավիչ՝ նույնիսկ համարում ճնշող և ձանձրալի:

Նա հակված չէ լրացնել ձանձրույթի  պահերը կամ փախչել դրանցից:

«Ես հասկացա, որ իմ կյանքի մեծ մասն ապրել եմ կարանտինի պես: Բայց դա  ընտրության հարց էր: Հիմա դա ուղղակի հարմարվելու խնդիր է», - ասում է նա:



Արդեն երկու ամիս լինելով ինքնամեկուսացված, նա, ինչպես մեզանից շատերը, բախվել է դատարկ լռությանը, թունավորով ձանձրույթին և դեմոտիվացիայի պահերին:

Բայց նա նշում է, որ սիրում է «էներգիան, որը դուրս է գալիս միայնությունից, տառապանքից և ձանձրույթից»: Նա շեշտում է, որ եթե մենք դրանից չխուսափենք, այն մեզ կստիպի ամեն ինչ տեսնել ավելի պարզ և գտնել վերաձևակերպվելու ու փոփոխվելու ձևեր:

«Ես ի վիճակի եմ ամենն ավելի պարզ տեսնել: Առաջնությունների իմ ընկալումն է փոխվել: Ես ինձ հիմա ավելի ճիշտ եմ գնահատում, քան առաջ: Ես դադարել եմ ինձ մեղադրել կյանքիս նեգատիվի համար: Փոխարենը ես կենտրոնանում եմ լուծումների, եւ ոչ թե խնդիրների վրա»,- գրում է նա: Չնայած վերջերս Ջանանը կորցրել է աշխատանքը, նա իրեն թույլ չի տալիս ընկճված զգալ:

Ջանանը շարունակում է աշխատել՝ ոգեշնչվելով իր տնից, իր առօրյայից և  գեղեցիկ շրջապատից:



Բայց ոգեշնչված կամ ոչ,  գործազուրկ  կամ ոչ՝ Ջանանը կարծում է, որ այս իրավիճակում մենք բոլորս բավական հավասար ենք:

«Իրավիճակը և բեռի ծանրությունը այս պահին նույնն է բոլոր մարդկանց համար: Ոչինչ ձեզ հիմա առանձնահատուկ չի դարձնում: Իրականում դա լավ է, քանի որ գիտակցում ես, որ դու ես միակ մարդն, ով կարող է հոգ տանել քո մասին»:



Թեև այժմ ամեն ինչ ավելի դրական է թվում, և շատ երկրներ թեթևացրել են կարանտինային ռեժիմը, մեզանից շատերը շարունակում են մտածել այն մասին, թե ինչ պետք է սովորել այս իրադարձություններից և ինչպես պետք է գործել այս ամենից հետո: Ջանանն էլ բացառություն չէ, չնայած նա համոզված է, որ չկա մեկ հստակ ուղերձ, որ մենք պետք է հիշենք այս փորձառությունից.

 «Ոչ թե ուղերձ, այլ ուղերձներ ... Դրանք շատ են... Պարզապես պետք է ընտրել մեկ առ մեկ: Սա մեզ հիշեցրեց այն, ինչ մենք մոռացել ենք՝ լսել մեր ներքին ձայնը, թռչուններին, մեզ շրջապատող ծառերին: Մենք սպասում էինք, որ մեր հեռախոսները զանգահարեն, որպեսզի ծանուցումներ գան և դուրս գանք ու միասին լինենք: Մոռացել էինք, որ մեր յուրաքանչյուր շունչը շատ թանկ է: Եվ ապրում էինք այնպես, կարծես վերջ չի գալու»:

«Մենք միշտ պետք է հիշենք, որ եկել ենք այս աշխարհ, որովհետև չափազանց շատ ենք ուզել այստեղ լինել»:

Այս նախադասությունն իր ամենասիրելի մտքերից մեկն է ու հիշեցնում է մեզ, որ բոլորս էլ գոյություն ունենալու մեր պատճառներն ունենք, անկախ նրանից, թե ինչ կյանքով ենք որոշել ապրել:

Եթե մենք հավատարիմ մնանք այն գաղափարին, որը մենք ենք ընտրել մեր կյանքն ու ապրելը, գուցե սկսենք վայելել այն, ինչ հիմա ունենք՝առանց որևէ այլ բան ակնկալելու, որովհետև եթե չգնահատենք այն, ինչ ունենք հիմա, կարող ենք չունենալ ոչինչ:


թողարկում

Մեկուսացում

գլխավոր
Chai-khana Survay