Ես բնակվում եմ մեկուսի, փոքրիկ մի թաղամասում, որը, ի տարբերություն Երևանի մյուս թաղամասերի, նոսր է բնակեցված, կան ընդամենը մի քանի ցածրահարկ շենքեր, կանաչ տարածքը շատ է: Թաղամասը սովետական տարիներին կառուցվել է ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ` աշխատակիցների համար: Այստեղ գործում են փոքր բնակավայրերին հատուկ սովորություններ. երեխաները միշտ բակերում խաղում են, մարդիկ շների հետ զբոսնում են, բոլորը բոլորին ճանաչում են, ու բոլորը բոլորին բարևում են:

COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարելու մասին իմացա ՖԲ-ից: Ամենօրյա ռեժիմով լրատվությանը չեմ հետևում. արդեն տարիներ մեր տանը հեռուստացույց չի միացվում: Սոցիալական ցանցերից վարակի մասին հակասական տեղեկություններ եմ ստանում, դարակից հանում եմ վաղուց գնված դիմակները, հետո տունը հավաքելիս նորից դնում եմ տեղը:

Ավելի հաճախակի եմ պատուհանից դուրս նայում, որ հարևաններիս վարքագծից կարողանամ դատողություններ անել: Մեքենաները բակում անշարժ կանգնած են, երեխաները չեն խաղում, բոլորը տանն են: Դրսի շարժն անհավանական դանդաղել է և տեղափոխվել տներ: Ընտանիքներն ամբողջական կազմով տանն են 24 ժամ: Դրսում համեղ ուտելիքների բույրերն իրար են խառնվել: Երեխաները դպրոց չեն գնում, մեծերը՝ աշխատանքի, մի տեսակ լղոզվել են անձնականի ու գործնականի սահմանները: Ընտանիքի անդամները փորձում են հարմարվել նոր տիպի համատեղ կյանքին՝ կիսելով սենյակները, տեխնիկան ու աշխատանքային սեղանը: 

Նախաճաշը դեռ չավարտած՝ հնչում է ամուսնուս գործնական զանգի ազդանշանը, նա խմում է սուրճի վերջին կումը և անցնում սեղանի մյուս կողմը. մեր ճաշասեղանը կիսով չափ որպես գրասեղան է ծառայում: 

6 տարեկան տղաս հանգիստ դնում է հեծանվորդի գլխարկն ու մոտենում միջանցքում դրված հեծանվին: Բացատրում եմ, որ չի կարող դուրս գնալ, փորձում եմ կտրուկ չլինել, որ տարիքային վախերին չգումարվի նոր վախ: Միևնույն է, չի հասկանում, հեծանիվը դուրս է տանում: Ես արագ 3 ամսական փոքրիկին սլինգի մեջ եմ դնում ու շտապում հետևից, որ նրան պաշտպանեմ, ասեմ՝ ձեռքերը դեմքին չքսի, մարդկանց հետ չշփվի: Անընդհատ արագացնում եմ քայլերս, բայց հեծանվի հետևից չեմ հասնում, հեռվից տեսնում եմ, որ շատ մոտիկից անցնում է մի մարդու կողքով, հետո կանգնում ու բարևում է ընդառաջ եկող ընկերոջը, հետո ուրիշ երեխաներ են մոտենում հեծանիվներով: Ես գնալով ավելի եմ լարվում ու քնած փոքրիկիս դեմքը ամուր սեղմում կրծքիս: Նեղ մայթով անցնելիս նկատում եմ, թե ինչպես են դիմացից եկող երկու կանայք, որոնցից երիտասարդը հղի է, փոխում ճանապարհը: Տուն մտնելիս տղայիս ձեռքերը լվանում եմ տաք ջրով ու փակում ծորակը, մի պահ դադար եմ տալիս, նորից եմ բացում ու երկար նորից տրորում ձեռքերը: 

Ամուսնուս չավարտվող տեսազանգերի ընթացքում փորձում եմ լռեցնել երեխաներին, ու հանկարծ ռուս գործընկերոջ հետ զրույցի ժամանակ նրա փոքրիկի ձայնն ընդհատում է զրույցը: Ես խոր շունչ եմ քաշում և ինձ նույն իրականության մի մասնիկը զգում: Ճաշի ժամը վաղուց անցել է, ամուսինս դեռ խոսում է, հույս չկա, որ կհասցնի հացի գնալ: Փոքրիկիս գրկում ու գնում եմ մոտակա փոքր խանութ: Ներս մտնելիս երեխայի դեմքը պտտում եմ դեպի ինձ ու շարֆով փակում: Տարեց վաճառողուհին արդեն գույնը փոխած դիմակով մոտենում է ու ինձ նախատում, թե երեխային ինչու եմ հետս բերել: Լարվածությունից մի փոքր կոպիտ առաջարկում եմ դրա փոխարեն արագ սպասարկել: Նա անշտապ լավաշը ծալում է ու դնում տոպրակը, ես, արդեն փոշմանած, ուրախանում եմ, որ կինն ինձ չլսեց. նրա լսողությունը լավ չէ:

Վերջին օրերին ու շաբաթներին բնակավայրից չհեռանալու սահմանափակման պատճառով մեր փոքրիկ թաղամասի ու հարևանների հանդեպ վերաբերմունքս փոխվել է: Հետևում եմ նրանց ու հետազոտում եմ քաղաքի՝ ինձ համար տեսանելի հատվածը, մտքում փորձում ամբողջացնել ֆոտոնախագծի գաղափարը մեր նոր իրականության մասին՝ մի աշխարհի, որը սահմանափակված է անթիվ նոր սահմանափակումներով: Ուզում եմ ցույց տալ այն տրանսֆորմացիան, որ կատարվեց մարդկանց կյանքում, ոնց հանկարծ մարդիկ մեկուսացան տանը, պակասեցին շփումները, կյանքը տեղափոխվեց դռնից ներս: Խոսում եմ հարևաններիս հետ հեռվից ու հակիրճ, ներկայացնում գաղափարը, ոչ ոք չի մերժում: Հեռավորության վրա զրուցելն է երևի պատճառը, որ չեն էլ ճշտում, թե ինչ նախագիծ է, բավարարվում են իմ տված երաշխիքներով, որ նկարվելու են շատ արագ, տան շեմին, ու պահվելու է անվտանգ հեռավորությունը: Սահմանափակումները ամբողջացրին նախագծի կոնցեպտը: Վերցնում եմ 23 մմ ֆիքս լենզ և անցնում գործի: Թակում եմ դուռը, շեմից երկու ցատկով չափում մոտ 2 մետր հեռավորությունը, մի քանի բառ փոխանակում ու բավական արագ նկարում: Այս կոնցեպտը կառուցված է հնարավորության կամ անհնարինության գաղափարի շուրջ: Այն դեմ է լուսանկարիչների համար ամենակարևոր սկզբունքին, որը ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Կապան այսպես է ձևակերպել. «Եթե լուսանկարները բավականաչափ լավը չեն, ուրեմն դու բավականաչափ մոտ չես եղել»: Այո, ես բավականաչափ մոտ չեմ կարող լինել այս նախագիծն անելիս և բավականաչափ ժամանակ չեմ անցկացնելու հերոսներիս հետ, ինչպես անում եմ սովորաբար: Կապայի «բավականաչափ մոտ» վերացական արտահայտությունը կարանտինի օրերին չափելի է դարձել, ու ես այն չափում եմ ոտնաչափերով` մեկ, երկու: 


Ես ամուսնուս՝ Տիգրան Վարժապետյանի (41 տ.), տղայիս` Մուշեղի (6 տ.), և 5 ամսական աղջկաս` Նուրիի հետ, դռնից ներս:

Հայկ Ոսկանյանը (29 տ.) և Վարվառա Մուսայելյանը (30 տ.) իրենց երեխաների՝ Ավրորայի (4 տ.) ու Արամազդի (2 տ.) հետ:

Սյուզաննա Աբրահամյանը (60 տ.) իր թոռնուհիների` Աննա- Մարիայի (5 տ.) ու Էլինայի (3 տ.) հետ բակի շների համար ուտելիք է տանում:

Լիանա Հովհաննիսյանը (36 տ.), Գևորգ Սուքիասյանը (48 տ.) իրենց դստեր՝ Գայանեի (10 տ.) հետ:

Լուսինե Հայրապետյանը (43 տ.) իր տղաների՝ Դավիթի (7 տ.) և Ռոբերտի (6 տ.) հետ:

Արևիկ Թունյանը (35 տ.) իր տղաների՝ Արեգի (10 տ.), Արտյոմի (5 տ.) և շան` Նոյի հետ:

Ռոզիկ Հովհաննիսյանը (84 տ.) իր դստեր՝ Գոհարի (60 տ.) և թոռների՝ Նելլիի (11 տ.), Ղուկասի (10 տ.) ու Ռոզիի (8 տ.) հետ:

Լուսինե Գրիգորյանը (35 տ.) և Վիգեն Շիրվանյանը (41 տ.) իրենց երեխաների՝ Տաթևի (8 տ.) ու Դավիթի (5 տ.) հետ:

Վարուժան Դանիելյանը (73 տ.) և Ելենա Մանվելյանը (73 տ.) իրենց թոռնիկի՝ 9-ամյա Գաբրիելի հետ:

Ջուլիետա Բեգլարյանը (79 տարեկան):

թողարկում

Մեկուսացում

գլխավոր
Chai-khana Survay