COVID-19-ը երեխաների աչքերով

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան


Վեց տարեկան Սոֆիի նկարում էջը բաժանված է երկու մասի՝ կորոնավիրուսից առաջ և դրանից հետո:

Մի պարզ, մուգ գիծ առանձնացնում է պայծառ ու ծաղկող գարունը, որն այժմ սև և կարմիր է՝ լցված մթությամբ: Երկրորդ կեսում նույնիսկ ծառերն են տերևներից ու ծաղիկներից զուրկ:

Նրա նկարը, ըստ մանկական հոգեբան Լուսինե Հարությունյանի (հեղինակի հետ կապ չկա), արտացոլում է այն ազդեցությունը, որն ունի կորոնավիրուսը և կարանտինը հայաստանցի երեխաների կյանքի վրա: 

Հայաստանն արտակարգ դրության մասին ի սկզբանե հայտարարեց մարտի 16-ին, և այն երկարաձգվեց մինչև հուլիսի 14-ը: Չնայած որոշ սահմանափակումներ հանվել են, դեպքերի կայուն աճը ցույց է տալիս, որ կյանքը հեռու է նորմալ  լինելուց:

«Եթե նայենք նկարներին, ապա կտեսնենք, որ երեխաների մեծ մասը կարծես աշխարհից մեկուսացած է կամ իրեն պատկերացնում է ինչ-որ տեղ մոլորակի սահմաններից դուրս», - ասում է Հարությունյանը՝ նշելով, որ նրանք դիմակներ են նկարում ամեն ինչի վրա՝ նույնիսկ նապաստակների:

«Սա ցույց է տալիս, թե երեխաներն ինչպես են կլանում տեղեկատվությունը և այն, որ նրանք ավելի ուշադիր են»:



Ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես են երեխաները տեսնում վիրուսն ու դրա հետեւանքով իրենց կյանքում առաջացած ցնցումները, Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի հոգեբանները նրանց խնդրել են նկարել աշխարհը՝ վիրուսից հետո:

Մինչ փոքրիկ Սոֆին հստակ պատկերացնում էր սահմանն անցյալի և ներկայի միջև, մյուս երեխաները երևակայում էին շրջապատից հեռու մնալու մասին. Նրանք երբեմն նույնիսկ այլ մոլորակի վրա էին՝ անվտանգ տեղում սպասելով, որպեսզի վիրուսն ավարտվի: 

«Կան նկարներ, որտեղ երեխաները մենակ են. երեխան նոր իրականությունը պատկերացնում է դատարկ: Իհարկե, դա անհանգստացնում է, քանի որ վախի մասին է խոսում », - նշում է Հարությունյանը:

Գյումրիի «Նոր լույս» մենթորինգ կենտրոնի  հոգեբաններն ուշադրություն են դարձնում նաև այն բանին, թե երեխաներն ինչպես են առերեսվում համաճարակի և տեղաշարժման սահմանափակումների հետ: 

Թեև կարելի է հեշտությամբ անտեսել երեխաների վրա դրա ազդեցությունը, մասնագետները պնդում են, որ նրանք ավելի սուր են զգում իրենց շրջապատող ամեն ինչ և ամեն ինչին հաճախ նայում այն պրիզմայով, ինչ իրենց ընտանիքները: 

«Եթե ընտանիքը շատ է սևեռվել այս վիրուսի վրա, վախեցրել է երեխային, ոչ թե զգուշավորության սովորեցրել, ապա շփման բացը կմնա, գուցե լինեն կպչուն մտքեր, մարդկանցից հեռու մնալու, անընդհատ ձեռքեր լվանալու ու ամենքից վարակվելու ֆոբիա ձևավորվի»,- նշում է «Նոր լույս» մենթորինգ կենտրոնի հիմնադիր, հոգեբան Շողեր Միքայելյանը։  

«Այս ընթացքը նաև նպաստեց, որ երեխաներն ավելի կապնվեն համակարգչի ու հեռախոսի հետ։ Հիմա չգիտես, երեխան դաս է անում, թե խաղի մեջ է, իրականի ու վիրտուալի սահմանները մշուշվում են»: 



Երկու տղա ունեցող Թինա Անտինյանը (8 տարեկան Արթուր և 5 տարեկան Արամ), արդեն որոշ փոփոխություններ է նկատել Արթուրիկի վերաբերմունքի ու պահվածքի մեջ:

«Իրանք հասկանում են, իրենց բացատրեցինք, որ չի կարելի դուրս գալ, շփումները սահմանափակել է հարկավոր», - ասում է նա ՝ ընդգծելով, որ ինքն ու ամուսինը փորձում են երեխաներին սովորեցնել, թե խոսքն ինչ վտանգի մասին է, բայց չվախեցնել նրանց:

Արթուրիկը, կարծես թե, իրավիճակն ընկալում է այնպես, ինչպես կա. Նա բացատրում է, թե ինչպես է դիմակ հագնում և ձեռքերը լվանում՝ հավելելով, որ նախկինում թույլ էր տալիս, որ մարդիկ իրեն համբուրեն, բայց այս օրերին չի թողնում: Այժմ նա բացատրում է, որ միայն տատիկ-պապիկն ու ծնողները կարող են համբուրել իրեն, քանի որ նույն տանն են ապրում:  

«Բայց տանը երկար մնալը իսկապես բարդ է դառնում, սկսում են իրենք իրենց համար խաղեր ստեղծել՝ հաճախ քանդելու, ջարդելու հաշվին», - նշում է նրա մայրը՝ Թինա Անտինյանը,- ծնողը պիտի 100 տոկոսով նվիրվի երեխաներին, պետք է ինչ-որ մեկը, որ անընդհատ զբաղեցնի»։

Նույնիսկ ինտերնետը, որը ժամանակին սիրված ժամանց էր ապահովում, այս օրերին չի կարող երկար պահել Արթւորիկի ուշադրությունը: Դպրոցի առցանց դասերը հիասթափության աղբյուր էին դարձել, քանի որ Wi-Fi ազդանշանը կորում էր, և դժվար է լսել ուսուցչի բացատրությունները: Նա նաև կարոտել էր իր ընկերներին: 

Ըստ մանկավարժների, որքան փոքր են երեխաները, այնքան նրանց համար ավելի դժվար է ընկալել իրավիճակը: Մայիսի 21-ին մանկապարտեզները վերաբացվեցին այն ծնողների համար, ովքեր ստիպված էին աշխատանքի վերադառնալ: Նրանք պետք է սոցիալական հեռավորության պահպանեն և հետեւեն կանխարգելիչ միջոցառումներին՝ ջերմության հաճախակի ստուգում և երեխաների միջև վեց քայլի (երկու մետր) հեռավորության պահպանում:

Լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ ևս կան. խաղահրապարակը պարբերաբար ախտահանվում է, և ուսուցիչները փորձում են երեխաների ձեռքերն ալկոգելով հաճախ մաքրել: Բացի այդ, ծնողները երեխաների սնունդը տանից են բերում: Այժմ տանն են լվանում նաև սպիտակեղենը:



Քաղաքի 23 մանկապարտեզներից ներկայումս գործում է միայն ութը, և ուսուցիչներն ասում են, որ օրական առավելագույնը  չորսից հինգ երեխա է հաճախում: Չնայած նրանք փորձում են պահպանել սոցիալական հեռավորության կանոնները, սակայն դա դժվար է:

«Երեխաները շփվում են… իրենք չեն հասկանում։ Իրենց մտահոգում է, թե ինչու են մենակ իրենք եկել։ Հիմա ամեն խմբից մի երեխա է հաճախում տարբեր տարիքի, իրանք հարցնում են, թե ինչու չեն եկել մյուսները։ Այս առօրյան ու իրավիճակը խորթ է նրանց համար։ Ամեն անգամ փորձում ենք հնարավորինս տարիքին համապատասխան բացատրել»,- նշում է Գյումրիի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Աննա Գաբոյանը:



«Ռեժիմի խախտումն ավելի դժվար ընկալելի է սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար», - նշում է «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնի հոգեբան Կարինե Միրզոյանը։ 

Նրա խոսքով նախկինում իրենք կենտրոնացած էին հատուկ կարիքներ ունեցող երեխաներին տանից դուրս բերելու վրա: Հիմա դա անհնարին է, և ընտանիքները պայքարում են նոր մարտահրավերները հաղթահարելու համար:

«Պատկերացրեք աուտիզմի, դաունի համախտանիշ ունեցող երեխաները, հիպերակտիվ երեխաները տանը․․․ Ծնողները նրանց բացատրում են, որ հնարավոր չէ տնից դուրս գալ։ Բայց միևնույնն է, իրենք փորձում են դուրս գալ», - ասում է Միրզոյանը

«Մենք տեսազանգով, որ հանդիպում ենք, զգում ենք, որ երեխաները դյուրագրգիռ են դարձել»,- նշում նա՝ հավելելով, որ դժվար է երեխաների հետ շփվել վիդեոզանգերի միջոցով, հատկապես ընտանիքի այլ անդամների մասնակցության և աղմուկի պատճառով: 

Լուսինե Գևորգյանն* ունի աուտիզմ ունեցող 10-ամյա երեխա: Նա ասում է, որ իրավիճակը շատ բարդ է, քանի որ դուստրը սովորել էր իր առօրյային իսկ այժմ ի վիճակի չէ գնալ կենտրոն կամ կատարել այլ սովորական գործողություններ: 

«Տանը մնալով նրա ռիթմը խախտվեց, չգիտեր ինչ աներ անսովոր այս պայմաններում, դարձավ դյուրագրգիռ, ճնշված, սկսեց ներփակվել»,-ասում է Գևորգյանը։ 

Ընտանիքն արդեն հաղթահարել է որոշ մարտահրավերներ, սակայն այժմ էլ Գևորգյանը վախենում է, որ իր դուստրը չի ցանկանա տանից դուրս գալ, երբ ապահով լինի:

«Իհարկե, մեր տարիներով կատարած աշխատանքի կորուստներ արդեն իսկ ունենք, հետընթաց կա, սակայն այն հուզականությունը, որը մենք տեսնում ենք, նշանակում է պահպանված բան կա, իրանք հիշում են, իրենք ողջունում են, ցույց են տալիս իրենց կարոտը»,- նշում է Միրզոյանը։ 



«Եկեք, անկեղծ լինենք, մենք ենք մեր շփումներում բավականին կորցրել, հեռացել ենք իրարից անհրաժեշտությունից դրդված, նույնն էլ մեր երեխաներն են, սակայն սա նաև առիթ է, նորից վերարժևորելու հարաբերությունները»:

Նա հավելում է, որ չնայած սա պայքար է ծնողների և երեխաների համար, կան նաև որոշ դրական կողմեր. կարանտինի ընթացքում, օրինակ, որոշ հայրեր սկսեցին ավելի ակտիվ դեր ունենալ իրենց երեխաների կյանքում:

«Մարդիկ այժմ գիտակցում են, թե որքան կարևոր է յուրաքանչյուրը մեր կյանքում», - ասում է Միրզոյանը:

11-ամյա Հովհաննեսի համար սա ընկերների հետ խաղալու ավելի քիչ, բայց հայրիկի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն է:

«Մայրս և հայրս ասում են, որ մենք պետք է զգույշ լինենք՝ մեր տատիկին ու պապին վիրուսից պաշտպանելու համար: Մենք կսպասենք, մինչև այս կորոնավիրուսն անցնի ու նորից կկարողանանք խաղալ մեր ընկերների հետ», - ասում է նա՝ հավելելով. «գիտեք, թե ինչ պատահեց, հայրս խոստացավ, որ ամառային արձակուրդների ժամանակ նա ինձ հետ ֆուտբոլ կխաղա, [փոխարենը] երեկվանից մենք սկսեցինք հայրիկի հետ խաղալ բակում։»: 


* Անունը փոխվել է երեխայի գաղտնիությունը պաշտպանելու համար 


թողարկում

Անցում

գլխավոր
Chai-khana Survay