Գտնելով ազատություն` սահմանափակումների ընթացքում

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Պատկերազարդումը՝ Մանանիկո Կոբախիձեի


Մինչ համաճարակը 34-ամյա Կարինե Սահակյանն* ավելի քան վեց տարի է, ինչ բռնության էր ենթարկվում իր ամուսնու և սկեսրոջ կողմից, Հայաստանի Արարատի մարզում գտնվող իրենց տանը։ Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները նրան ստիպեցին քաջություն գտնել՝ փրկելու իրեն և երեխաներին:

«Իմ պատմությունը սկսվեց հարազատներիցս մեկի տանը վեց տարի առաջ: Ես և ընտանիքս հրավիրված էինք ծննդյան երեկույթի: Ես չէի ցանկանում գնալ. հետագայում հասկացա, թե ինչու էր  բարեկամս այդքան պնդում, որ գնամ», - հիշում է Կարինեն:

«Ամբողջ երեկոյի ընթացքում երկու կին՝ կեղծ ժպիտներով ուշադիր հետևում էին իմ յուրաքանչյուր քայլի և խոսքի: Դա այն երեկոն էր, երբ ես հանդիպեցի Արամին*՝ իմ ապագա ամուսնուն: Առաջին հայացքից նա ազնիվ և համեստ անձնավորություն էր: Ինձ տպավորելու համար բոլորն ասում էին, որ նա աշխատասեր է, իսկական ամուսին` լավ ու կիրթ աղջկա համար»:

Կարինեն ասում է, որ ընդամենը մի քանի ամիս անց նրանք որոշեցին ամուսնանալ:

«Բոլորն ուրախ էին, այդ թվում և ես: Միայն ավելի ուշ` հարսանիքից հետո,  սկսվեց իմ մղձավանջը:

«Իմ ամուսինն ու սկեսուրը երբեք առիթը բաց չէին թողնում ինձ նկատողություն անելու: Նրանք միշտ փորձում էին սխալներ գտնել ու վիճաբանել, իսկ դա միշտ ավարտվում էր ծեծով և հայհոյանքներով: Չնայած վախենում էի ամուսնուցս, սակայն անընդհատ փորձում էի ասել, որ նրա պահվածքը սխալ է»։ 

«Դու նրա կինն ես, և նա կարող է քեզ ծեծել այնքան, որքան ուզում է, աղջի՛կ»,- ասում էր սկեսուրս: Հետո հպարտորեն ավելացնում էր. «Եթե քեզ հարվածում է, ուրեմն  արժանի ես դրան»:



Դժբախտաբար, Կարինեի պատմությունը եզակիներից չէ: Չնայած «Ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին» 2017-ին ընդունված օրենքի՝ Հայաստանում այն շարունակում է ցավոտ խնդիր մնալ կանանց համար:

Ուսումնասիրություներից ստացված տվյալները տարբեր են, սակայն ընդհանուր գնահատականի համաձայն Հայաստանում տարեկան 50 կին է սպանվում ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից: 

Փաստաբանները և իրավապաշտպանները կարծում են, որ կա մի շատ պարզ պատճառ՝ օրենքը բավարար չէ  կանանց պաշտպանելու համար. Բռնությունը կանխարգելող օրենքներն արդյունավետորեն չեն գործում: 

«Չնայած մեր օրենքները վերցված են միջազգային կոնվենցիաներից և դաշնագրերից, դրանք խստորեն չեն կիրառվում և իրենց նպատակին չեն ծառայում», - նշում է «Կանանց իրավունքների կենտրոնի» փաստաբան Հասմիկ Փախանյանը:

«Մեր օրենքները հիմնականում հարմարեցված են հայ հասարակությանը, որտեղ օրինական դաշտում ընտանեկան խնդիրների լուծումը միանշանակ ողջունելի չէ: Նույնիսկ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման քննարկումների ընթացքում պատգամավորները չէին ցանկանում համաձայնություն տալ դրան», - ասում է Փախանյանը:

Նա ավելացնում է, որ գլխավոր խնդիրներից է նաև ոստիկանության վերաբերմունքը․ հաճախ իրավապահ մարմինները հակված են  կնոջը ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող տղամարդկանց նախազգուշացումներ տալ՝ ձերբակալելու փոխարեն: Ըստ Փախանյանի՝ խնդիրն ավելի սրվեց «Կովիդ-19»-ի սահմանափակումների ժամանակ: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները փորձում են հնարավորինս հասարակությանն իրազեկել խնդրի մասին և զեկույցներ հրապարակել բռնությունների վերաբերյալ: 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս մտահոգված է ստեղծված իրավիճակով։ Պաշտպանի գրասենյակի թեժ գիծն այս տարվա ընթացքում 13 զանգ է ստացել բռնության վերաբերյալ։ Թաթոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով ՝  կանխարգելելու ընտանեկան բռնությունը և խնդրի վերաբերյալ  լուծումներ գտնելու:  



Ինչպես Կարինեի, այնպես էլ շատ այլ կանանց համար իրավիճակը կտրուկ դարձավ անտանելի, քանի որ ստիպված էին իրենց օրերն անկացնել բռնարարների հետ՝ փակի տակ մնալով: 

«Շատերը, ինչպես Կարինեի ամուսինը, չկարողացան վերադառնալ Ռուսաստան աշխատելու՝ տանն ավելի մեծ լարվածություն ստեղծելով»,- նշում է «Կանանց իրավունքների կենտրոնի» հոգեբան Մարինե Եղիազարյանը:

«Գյուղերում տղամարդիկ չէին կարողանում մեկնել արտագնա աշխատանքի և սթրեսային վիճակում էին հայտնվում, ինչն էլ,  իր հերթին, բռնություն  առաջացնող գործոններից է», - ասում է նա: 

Կարինեն պատմում է, որ կարանտինի մասին լսելիս առաջին միտքը հետևյալն էր. «Ավելի լավ է վիրուսից մեռնել, քան ամուսնու հետ միևնույն հարկի տակ մնալ փակված»: Նա նշում է, որ նախկինում շատ անգամներ է հեռանալու որոշում կայացրել, բայց չի կարողացել քայլ անելու քաջություն գտնել: 

«Ամեն ինչ որոշակիորեն փոխվեց մեր երեխաների ծնվելուց հետո: Արամը գնաց Ռուսաստան աշխատելու: Կնոջ համար գուցե տարօրինակ կլինի ընդունել, բայց ես ուրախ էի դրա համար․ նա  հեռու կլիներ ինձնից: Այսպիսով՝ մենք մեկ տարվա ընթացքում մեկ կամ երկու շաբաթ էինք իրար տեսնում», - ասում է Կարինեն և ավելացնում՝ «այդ մեկ-երկու շաբաթն անցնում էր այնքան դանդաղ, կարծես կյանքս կանգ էր առնում»: 

Նա հիշում է, որ այդ կարճատև այցերի ժամանակ ամուսնու տրամադրությունն ավելի վատ էր լինում. ամեն ինչ կարող էր նրան հուզել: «Ես չէի հասցնի որևէ խոսք ասել, ու հեռախոսը կամ  բաժակն իմ վրա էր նետում»: 

Հոգեբան Մարինե Եղիազարյանը նշում է, որ շատ կանայք չգիտեն իրենց իրավունքները, իսկ ոմանք էլ նախընտրում են լռել՝ խոսելու փոխարեն, քանի որ առկա է ծանր հոգեբանական մթնոլորտ: 



Մարտի 30-ը Կարինեի համար որոշիչ օր էր։

«Այդ երեկո ես ինքս ինձ առաջին անգամ խոստացա չներել, նույնիսկ հանուն մեր երեխաների: Դաժան ծեծն ու հայհոյանքները վերջ տվեցին մեր վեցամյա ամուսնությանը», - ասում է նա: 

Երեկոն սկսվեց այնպես, ինչպես շատ այլ երեկոներ: Արամը հարբած տուն եկավ.

«Այս անգամ նա շատ ավելի բարկացած էր: Ես նույնիսկ բառ չէի հասցրել ասել, երբ զգացի նրա ագրեսիվ քայլերն իմ ուղղությամբ: Նա գոռաց ինձ վրա այնքան բարձր, որքան կարող էր», - պատմում է Կարինեն:

Արամը բարկացած էր ընդունված սահմանափակումների պատճառով, քանի որ ստիպված էր Հայաստանում մնալ։ Երբ Կարինեն դուրս փախավ, նա ասաց, որ կբաժանվի և կգտնի «իր երեխաների համար հնազանդ մի կին»:

Կարինեն դուրս եկավ տանից՝ մենակ  ու անօգնական: Լաց լինելով և վախենալով՝ նա քայլում էր փողոցներով և միայն մտածում, թե ինչպես երեխաներին տանից դուրս հանի և ամուսնուց հեռու պահի:

Ոստիկանությանը դիմելը ևս տարբերակ չէր: Կարինեն նշում է, որ շատ մարդիկ հավատում են, որ ոստիկանությունը կաջակցի կանանց, երբ օգնություն համար դիմեն, սակայն դա այդպես չէ: «Ես զանգեցի ոստիկանություն, նրանց պատմեցի իրավիճակը և օգնություն խնդրեցի, որպեսզի իմ երեխաներին կարողանամ վերցնել», - ասում է նա: 

«Պատասխանն ավելի սարսափելի էր, քան կարող էի սպասել. քանի որ երեխաների հայրն է, երեխաները կարող են մնալ նրա հետ》֊ասել էր ոստիկանը՝ այն դեպքում, երբ չկար հայրության ճանաչման պաշտոնական փաստաթուղթ։



Բայց Կարինեն այս անգամ ավելի վճռական էր՝ վերջ տալ բռնությանը: Հուսահատվելու փոխարեն նա դիմեց «Կանանց իրավունքների կենտրոն», որն օգնում է կանանց Հայաստանում։

 «Մենք ստացանք 34-ամյա Կարինե Սահակյանի զանգը մարտի 31-ին, երբ նա ամուսնու ծեծից հետո արդեն լքել էր նրան և գնացել էր իր ծնողների տուն:  Նա հուսալքված էր, անհանգստացած իր երեխաների համար։ Նա ուզում էր նրանց հետ բերել, քանի որ ոստիկանությունը հրաժարվել էր ուսումնասիրել նրա գործը»,- հիշում է Եղիազարյանը։

Կենտրոնի օգնությամբ Կարինեն կարողացավ վերականգնել երեխաների խնամակալությունը, քանի որ Արամը չէր ընդունել երեխաների հայրությունը, իսկ հոգեբանական աջակցության շնորհիվ հաղթահարել իրավիճակը, որում ապրել է վեց տարի։

«Այժմ նա ապրում է իր ծնողների տանը բավականին հանգիստ հոգեվիճակում: Իսկ ինչպիսին կլինի շարունակությունը, միայն ժամանակը ցույց կտա», - ասում է Եղիազարյանը:

Կարինեն հուսով է, որ կկարողանա երկու և չորս տարեկան երեխաների հետ ստեղծել  հանգիստ ու ապահով կյանք:

Նա ասում է, որ քանի դեռ  ինքն ու Արամը պաշտոնապես ամուսնալուծված չեն, նա հաշտվելու մտադրություն չունի: 

«Երբ նա գալիս է երեխաներին տեսնելու, մենք խոսում ենք մեր անցյալի մասին․ նա փորձում է հաշտության եզրեր գտնել: Երբեմն ես զգում եմ, որ նրա պահվածքը փոխվել է, և մենք կարող ենք ամեն ինչ սկսել զրոյից: Բայց  վախենում եմ երկրորդ անգամ նույն սխալը կրկնելուց, վախենում եմ վերադառնալ իմ նախկին փորձին, վախենում եմ, որ ինձ նորից կխաբեն», - ասում է նա:

«Սրանք այն վախերն են, որոնք ուղեկցում են ինձ  այս օրերին»:


* Հերոսների անունը փոխվել է անձնական կյանքի գաղտնիությունը պահելու համար


թողարկում

Անցում

գլխավոր
Chai-khana Survay