Հայաստանից արտագնա աշխատանքի չմեկնածները համավարակի օրերին գյուղատնտեսությամբ են զբաղվում

Հեղինակ՝ Ամալյա Մարգարյան


Covid-19 համաճարակը հազարավոր հայ տղամարդկանց ստիպեց տանը մնալ` Ռուսաստան կամ այլ տեղ սեզոնային աշխատանքի մեկնելու փոխարեն։

Սեզոնային աշխատանքի անսպասելի դադարը (այն հաճախ առավել լավ է վարձատրվում, քան տեղական աշխատանքը) ընտանիքների համար դժվարություններ, սակայն գյուղացիների մի մասի համար էլ նոր հնարավորություններ ստեղծեց։

Փարթամ բնությամբ ու լեռներով հայտնի Տավուշի մարզի 3500 բնակիչ ունեցող Բերդավան գյուղից ամեն տարի հիմնականում ՌԴ արտագնա աշխատանքի է մեկնում 80-100 տղամարդ։ Վերջին հասանելի վիճակագրության համաձայն, նրանք Հայաստանից աշխատանքի մեկնած 75,000 միգրանտների(2017-2018թթ.-ին լքել են երկիրը) մեջ են։

Ընդհանուր գնահատականով, աշխատանքային միգրանտների 65%-ը երկիրը լքում են 3-12 ամսով։

Ըստ Բերդավան գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանի, այս տարի միգրացիան փոփոխվել է։ Ամեն տարի մարտին նա ականատես էր լինում, թե ինչպես է գյուղը դատարկվում, սակայն 2020թ.-ի համաճարակի պատճառով փակված սահմանների հետեւում մնացած գյուղացիներն իրենք դիմեցին, որպեսզի թույլտվություն ստանան Բերդավան վերադառնալ ու համաճարակի օրերին գյուղում ապրել։

Սմբատ Մուղդուսյանի պնդմամբ՝ այն տղամարդկանց համար, որոնք տարվա մեջ սովորաբար մի քանի ամսով արտագնա աշխատանքի են մեկնում, համաճարակը դառնանուշ մի բան է. Նրանք հնարավորություն ստացան երկար ժամանակ անցկացնելու իրենց ընտանիքների հետ, բայց զրկվեցին աշխատանքից, որի շնորհիվ երեխաներին էին կերակրում: 

«Մարդիկ կան՝ երկար տարիներ իրենց երեխաների կողքին գտնվելու քաղցրությունը չեն զգացել, երեխայից, ընտանիքից հեռու են եղել, բայց այսօր նրանք իրենց երեխայի կողքին են։ Միեւնույն ժամանակ այս վիճակը մարդու հոգեկանի վրա է ազդում. ֆինանսական ծանր շրջան է սկսում», - ասում է Սմբատ Մուղդուսյանը։



Բերդավան գյուղի վարչական ղեկավարը վստահ է՝ սահմանները վերաբացվելուն պես արտագնա աշխատանքի մեկնողները նորից կգնան։ Ռուսաստանից ուղարկվող ֆինանսական միջոցները կենսական նշանակություն ունեն ընտանիքների ու Հայաստանի բյուջեի համար: 

Միեւնույն ժամանակ բնակիչների գյուղ վերադառնալն ու այստեղ որոշ ժամանակ ապրելը կարեւոր է հենց գյուղի համար. ընտանիքները նորից զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքով, ոմանք օգնում են բարեկարգել գյուղի ճանապարհը կամ այլ անհրաժեշտ գործեր անել:  

Էրիկ Հախվերդյանը ամեն տարի մեկնում է Ռուսաստանի Դաշնություն ՝ արտագնա աշխատանքի, մատուցող է։ Այս տարի համավարակը խախտել է նրա պլանները, բայց միաժամանակ հնարավորություն տվել իրականացնելու իր երազանքը՝ գյուղում հյուրատուն բացել եւ այնքան վաստակել, որ միշտ մնա Հայաստանում։



Փոքր հյուրանոցի կառուցման աշխատանքներն Էրիկ Հախվերդյանն սկսել է նախորդ տարի։ Եթե համավարակը չլիներ, այս տարի այն կբացվեր։ Այնինչ, չորս ամիս է նա չի աշխատում, եւ չի կարողանում վճարել, որպեսզի շինարարությունն ավարտին հասցվի։ Փոխարենը նա մոր հետ որոշել է այս ժամանակն օգտագործել այգին ընդարձակելու համար։ Նրանք հող են մշակում ընտանիքի առօրյա հոգսերը հոգալու համար: Հախվերդյանը նշում է, որ ապագայում բանանով, կիվիով ու վայրի հատապտուղներով լի այգին նաև կմեծացնի հյուրատան նկատմամբ գրավչությունը եւ կօգնի գյուղում զարգացնել ագրոտուրիզմը։ 

Ընտանիքը նաեւ խաղող եւ գարի է մշակում։ Բացի այդ, մայրը՝ Անուշը, հավի ճտեր է պահում, որ վաճառի։

«Հիմա էլ ոչ մի աշխատանք չկա, որ կարողանանք անել, հիմա հետ ենք գնացել դեպի գյուղատնտեսությունը, բայց դա մեզ պահելու համար է մենակ», - ասում է Բերդավանի գյուղի բնակիչ Էրիկ Հախվերդյանը։

Արկադի Հանիսյանը եւ նրա ընտանիքը եւս բնակվում են Բերդավան գյուղում։ Ապրուստի միջոց վաստակալու համար նա տասը տարի Ռուսաստան է մեկնել, այդ պատճառով էլ գյուղում անասուններ չեն պահել, ստացած բերքն էլ միայն իր ընտանիքին է սպառել։ 

Այսօր Հանիսյանն օգտագործում է իր շինարարական գիտելիքները՝ գյուղին օգնելու համար։ Վերջին մի քանի օրը նա էքսկավատոր է վարում, քանդում է գյուղական հին ճանապարհը , որպեսզի նորի համար ուղի հարթի։ 



«Արդեն երեք-չորս օր է՝ մասնակցում եմ ճանապարհաշինարարական աշխատանքին, շինարարական խմբին տեղեկացրել ենք, որ տեխնիկա կարողանում եմ վարել, նրանք էլ թույլատրել են օրավարձով աշխատել, բայց թե ինչքան կտեւի, չեմ կարող ասել», - ասում է Արկադին։

Նա եւ կինը՝ Աննան, նորից սկսել են գյուղատնտեսությամբ զբաղվել, գյուղի մերձակայքում իրենց հողատարածքներն են մշակում. կինն այս օրերին հասցրել է  նաեւ հավեր վաճառել։ Մինչեւ համավարակը նրանք մշակած բերքի վաճառքից երբեք կախված չեն եղել, բերքը նվիրել են հարազատներին, իրենք են իրացրել։ Այսօր ասում են՝ եթե այլ միջոց չլինի, այգու բերքը կվաճառեն։ Հանիսյանները պետական ծրագրով գյուղատնտեսսկաան անտոկոս վարկ են վերցրել. կով են գնելու։ «Եթե էսպես շարունակվի, տանը փակված մնանք, պիտի գոնե գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվենք, տեսնենք՝ գլուխներս ինչ է գալիս», - ասում է Արկադի Հանիսյանը։

Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղում, 350 բնակիչներից ամեն տարի 20-25-ն է մեկնում Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Այս տարի համավարակի պատճառով 20-ը մնացել են գյուղում։

Որոշները կարողացել են աշխատանք գտնել Նոյեմբերյան քաղաքում, մի մասն էլ պայմանագրային զինծառայող է դարձել: 

Այս ընտանիքները գյուղում սովորաբար գյուղատնտեսական մեծ աշխատանքեր չեն կատարում, անասնապահությամբ էլ չեն զբաղվում, քանի որ տարվա տաք եղանակին տղամարդիկ գյուղում չեն լինում։ Համավարակի տարածման ընթացքում բնակիչներից ոմանք, սակայն գյուղապետարան են դիմել՝ վարձակալության հողեր ստանալու համար։

Ինչպես տեղացիներն են ասում, հողը բերրի է, սակայն այն շատ մոտ է Ադրբեջանի սահմանին, կրակոցների տակ է, եւ իրենք չեն կարողանում այն մշակել: 

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ Գարիկ Սահակյանն իր երկու ավագ եղբայրների՝ Գագիկի եւ Գեւորգի հետ ամեն տարի մայիսին մեկնում էր Ռուսաստան` աշխատելու համար, նոյեմբերին վերադառնում, եւ ձմեռն անցկացնում ընտանիքի հետ։ Այս տարի համավարակը նրանց ստիպել է մնալ տանը։ Երկու եղբայրների ընտանիքները միասին են ապրում՝ տասը հոգի, այդ թվում 5 անչափահաս երեխա։



Գարիկը գյուղում խաղողի փոքր այգի ունի, տան դիմաց էլ՝ բոստան. հավաքած բերքը երբեք չի վաճառել, ընտանիքին է հերիքում։ Գյուղացիներից շատերի նման նա էլ սահմանի բերանին հողատարածքներ ունի, որոնք չի կարողանում մշակել։ 

Գարիկը մտածում է  անասուն գնելու մասին։

«Որ էս վիճակը չանցնի, սահմանը չբացվի, մի բան անելու ենք։ Ով կմտածեր, որ առանց գործի տանը կնստենք։ Մենք մեր գործը միշտ էլ ունեցել ենք։ Հիմա էլ, որ իմանամ սահմանը փակ կմնա, անասուն կառնեմ կպահեմ, բա էս երեխեքին ոնց՞ պահեմ», - ասում է Գարիկը։


թողարկում

Անցում

գլխավոր
Chai-khana Survay